Բացարձակ սուտ. Ուկրաինայի դեմ կիրառելու նպատակով Հայաստանը Ռուսաստանին «ՍՈւ-30» ինքնաթիռ չի փոխանցել. ՀՀ ՊՆ
Թուրքիայում հեռարձակվող ադրբեջանական «Haber Global» հեռուստաընկերությունը, հղում կատարելով Թուրքիայի հետախուզության անհայտ աղբյուրների, հրապարակել է մի նյութ, որում պնդում է, թե Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել չորս ՍՈՒ-30 ինքնաթիռ՝ Ուկրաինայի դեմ մարտական գործողությունների ընթացքում կիրառելու նպատակով։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ՊՆ-ն:
Նշված տեղեկությունները բացարձակ սուտ են. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության մեջ գտնվող բոլոր ինքնաթիռները, անձնակազմով հանդերձ, իրենց տեղում են և կատարում են առաջադրված խնդիրները։
Իրականությանը չի համապատասխանում նաև նշված հրապարկման մեջ արվող ևս մեկ պնդում, ըստ որի՝ Հայաստանը հանդիսանում է հիմնական ուղղություններից մեկը, որով Սիրիայից վարձկաններ են տեղափոխվում Ուկրաինա՝ Ռուսաստանի կողմից կռվելու համար։