Եթե հայկական կողմը խաղաղության պայմանագրի հարցը համարում է լուրջ քայլ, ապա ժամանակն է անցնել կոնկրետ քայլերի. Ադրբեջանի ԱԳՆ
Հայաստանի Անվտանգության խորհրդի 2022 թվականի մարտի 28-ի հայտարարության առնչությամբ ցանկանում եմ նշել, որ տարածաշրջանում լարվածության աճի անմիջական պատճառը Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարումն է։ ՀՀ-ի կողմից եռակողմ հայտարարության դրույթների խախտումն է, որ մեծացնում է լարվածությունը տարածաշրջանում և խաթարում խաղաղապահ ջանքերը։
Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Միջազգային զսպման մեխանիզմների կիրառման վերաբերյալ մենք ցանկանում ենք Հայաստանի ղեկավարության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մարդկությունը դեռ չի գտել միջազգային զսպման ավելի լավ միջոց, քան միջազգային իրավունքը: ՀՀ-ն կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը: Եթե Անվտանգության խորհրդի անդամները դեռևս պատկերացում չունեն միջազգային զսպման լավագույն միջոցների մասին, մենք ևս մեկ անգամ հիշեցնում ենք միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների առկայության մասին, ներառյալ ինքնիշխանության հարգումը, պետությունների միջազգայնորեն ճանաչված սահմանները, ներքին գործերին չմիջամտելը, պարտավորությունների կատարումը»,- ասվում է փաստաթղթում։
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է նաև երկու երկրների միջև համապարփակ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու հարցին։
«Հիշենք, որ ադրբեջանական կողմն էր, որ մեկ տարի առաջ ամենաբարձր մակարդակով առաջարկեց ստորագրել խաղաղության պայմանագիր, իսկ մեկ ամիս առաջ հայտարարվեցին կոնկրետ սկզբունքներ, որոնց վրա դա պետք է հիմնվի։
Եթե հայկական կողմը խաղաղության պայմանագրի հարցը համարում է լուրջ քայլ, այլ ոչ թե հերթական հանրային տեղեկատվական արշավը, ապա ժամանակն է անցնել կոնկրետ քայլերի։ Եվս մեկ անգամ ուզում եմ նշել, որ Ադրբեջանն իր հերթին պատրաստ է դրան»,- ասված է հայտարարության մեջ։