Ուկրաինացի փախստականների թիվը հասել է 4 միլիոնի
Ուկրաինայից փախստականների թիվը, ովքեր լքել են իրենց տները՝ կապված ռուսական ռազմական հատուկ գործողության մեկնարկի հետ, արդեն 4 միլիոն է: Ինչպես նշում է Gazeta.ru-ն՝ այս մասին Twitter-ում գրել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։
«Ներկայումս 4 միլիոն փախստական կա Ուկրաինայից՝ ռուսական հարձակման մեկնարկից հինգ շաբաթ անց»,- ասել է նա։
Գրանդին հայտարարել է նաև այցով Ուկրաինայի տարածք ժամանելու մասին։ Լվովում նա կքննարկի մարտերից տուժած և տեղահանված մարդկանց աջակցությունը մեծացնելու ուղիները:
Ավելի վաղ Ուկրաինա էր ժամանել նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ Ակնկալվում է, որ գլխավոր տնօրենը կներգրավվի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցություններում՝ կապված կազմակերպության ծրագրված տեխնիկական աջակցության հետ: