ԱՄՆ-ում նշել են, որ Բայդենը չի ձգտում ուղիղ հակամարտություն ամերիկյան և ռուսական զինված ուժերի միջև
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ որոշումներ կայացնել, որոնք կհանգեցնեն Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ուղիղ ռազմական առճակատման։ Այս մասին, ըստ Ամերիկայի ձայնի, հայտարարել է Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը։
«Երբ նախագահը որոշում է, թե կոնկրետ ինչ ուղարկել Ուկրաինա, նա հաշվի է առնում երկու բան»,- ասել է նա։
Բեդինգֆիլդի խոսքով՝ «առաջինը զինվորականների գնահատականն է այն մասին, թե որն է ամենաարդյունավետը և ամենաօգտակարն Ուկրաինայի զինված ուժերին»։
Երկրորդ գործոնը, ըստ Սպիտակ տան ներկայացուցչի, այն է, որ Բայդենը «չի ձգտում ուղիղ հակամարտություն ամերիկյան և ռուսական զինված ուժերի միջև»։
Ինչպես ընդգծել է Բեդինգֆիլդը, ԱՄՆ նախագահը նման որոշումներ չի կայացնի։
«Նա չի կայացնի որոշումներ, որոնք կհանգեցնեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի զինված ուժերի միջև ուղիղ հակամարտությունների»,- հավելել է Բեդինգֆիլդը։
Միաժամանակ Սպիտակ տան ներկայացուցիչն ընդգծել է, որ «ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ծավալն ու մասշտաբն աննախադեպ են»։