Միջադեպ գերեվարվածների ծնողների և ոստիկանների միջև․ տղամարդը քարով հարվածեց կառավարության դռանը, մայրերից մեկն ուշագնաց եղավ (ֆոտո)
Այսօր՝ մարտի 31-ին, կառավարության հերթական նիստի օրը, շենքի դիմաց հավաքվել էին Խծաբերդ գյուղի տարածքում մարտական հերթապահության ժամանակ գերեվարվածների հարազատները։
Նրանք չցանկացան մանրամասներ հայտնել լրագրողներին, թե ինչ փուլում է իրենց տղաների գործը։ Ավելի ուշ, նրանք վիճաբանության մտան ոստիկանների հետ՝ փորձելով մոտենալ շենքի մուտքին։
Իսկ կառավարության նիստից առաջ, երբ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներս էր մտնում, ծնողներն իրենց խնդրով մոտեցան նախարարին։ Երբ օպերատորները փորձեցին նկարահանել՝ ասացին, որ չեն ցանկանում լուսաբանել հարցը և թույլ չտվեցին նկարահանել։
Ըստ ամենայնի, Ավանեսյանի հետ զրույցը ծնողներին չէր գոհացրել։ Արդեն նիստից հետո, երբ նախարարները լքել էին շենքը, ակցիայի մասնակիցները փորձեցին փակել Տիգրան Մեծի պողոտա-Հանրապետության հրապարակ ճանապարհահատվածը։
Նրանցից մեկն էլ իր զարույթն արտահայտեց՝ կառավարության շենքի մուտքի դռանը քար նետելով։
Տղամարդուն բերման ենթարկեցին, իսկ մյուսներն իրար անցան։ Կանանցից մեկը զայրացած հարվածում էր ոստիկանի մեքենային, որով տղամարդուն փորձում էին բերման ենթարկել, իսկ մեկ այլ կին էլ՝ ուշագնաց եղավ։
