Եվրահանձնաժողովը մտադիր է մեծացնել ԱՄՆ-ից հեղուկացված բնական գազի գնումները
Եվրահանձնաժողովը մտադիր է մեծացնել ԱՄՆ-ից հեղուկացված բնական գազի գնումները՝ Ռուսաստանի Դաշնությունից գազի մատակարարումը դադարեցնելու սպառնալիքի ֆոնին։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Էրիկ Մամերը՝ փոխանցում է Deutsche Welle-ն։
Նրա խոսքով` 2021 թվականին ԱՄՆ-ի հետ համաձայնեցվել են շուրջ 22 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարումներ Եվրոպա։ Այժմ ԵՄ-ն ակնկալում է հավելյալ 15 միլիարդ խորանարդ մետր գազ ստանալ, որը համապատասխանում է ԵՄ տարեկան մուտք գործող ռուսական գազի ծավալի 10%-ին։
Միաժամանակ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչն ընդգծել է, որ ԱՄՆ-ից մատակարարումները Եվրամիության կողմից ձեռնարկվող քայլերից մեկն է՝ նվազեցնելու կախվածությունը ռուսական էներգակիրներից։