2016թ.-ի պատերազմը կանգնեցվեց Մոսկվայի միջնորդությամբ՝ Բաքվի խնդրանքով. Սենոր Հասրաթյան
ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուղիղ 6 տարի առաջ՝ 2016թ. ապրիլի 2-ին, ադրբեջանական բանակը գործողության մեջ դնելով իր տրամադրության տակ եղած ժամանակակից սպառազինության և տեխնիկայի գրեթե բոլոր միջոցները, այդ թվում՝ «Смерч», «Kasirga», «Ураган», «GRADLAR» համազարկային կրակի հեռահար ռեակտիվ համակարգեր, «ТОС-1А»(Солнцепек) համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ, իսրայելական արտադրության գրոհային և հետախուզական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), «SPIKE» տիպի հակատանկային կառավարվող հրթիռներ, գրոհային ինքնաթիռներ և «МИ-24G» հարվածային ուղղաթիռներ՝ շփման գծի հյուսիսային (Թալիշ) և հարավային (Վարազաթումբ) ուղղություններով անցավ լայնածավալ հարձակման...
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների՝ միայն ապրիլի 2-ից 5-ը հակառակորդի հրթիռահրետանային ու զրահատանկային ուժերի կողմից արցախյան դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակվեց շուրջ 30 հազար արկ...
Նման ծավալի ուժերի և միջոցների ներգրավման արդյունքում, հակառակորդին հաջողվեց չորսօրյա ինտենսիվ մարտերի ընթացքում գրավել 19 մարտական դիրք, կամ մակերեսային միավորով արտահայտված ոչ ավել, քան 400 հեկտար տարածք...
Ապրիլի 2-ից 5-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը տվեց 75 զոհ...
Նույն ժամանակահատվածում հակառակորդի զոհերի թիվը, ըստ ապրիլի 5-ին «OSTKRAFT» վերլուծական կենտրոնի կողմից հրապարակված տվյալի, որը հիմնված էր Ադրբեջանի ԶՈւ Գլխավոր շտաբի փակ տեղեկատվության վրա, հասնում էր շուրջ 800 -ի...
Պատերազմը կանգնեցվեց Մոսկվայի միջնորդությամբ՝ Բաքվի խնդրանքով...»: