Որքան էլ, որ փորձեր կատարվեն՝ խոչընդոտելու մեր պայքարը, միևնույն է, ազատ և անկախ Հայաստանի համար մղվող պայքարը հնարավոր չէ կասեցնել. Շահեն Հարությունյան
«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ղեկավար Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Տեղեկացնում եմ, որ իմ դեմ հարուցված երկու քրեական գործերի նախաքննական շրջանն ավարտվել է, որից հետո որոշվել է դադարեցնել քրեական հետապնդումն իմ դեմ։
Իմ քաղաքական գնահատականները՝ Ն․Փաշինյանի վարած քաղաքականության նկատմամբ, քննչական մարմնի կողմից որակվել է որպես քաղաքական դիրքորոշում, այլ ոչ թե ծանր վիրավորանք։ «Կապիտուլյանտ, ազգակործան պատուհաս, հայրենիքի դավաճան, աթոռապաշտ դավաճան, ազգադավ» բառերը չեն համարվել Ն․Փաշինյանի նկատմամբ որպես ծանր վիրավորանքներ։
Ինչպես քրեական գործ հարուցելուց առաջ և հետո, այդպես էլ հիմա վերահաստատում եմ իմ քաղաքական գնահատականներն ու դիրքորոշումները։ Որքան էլ, որ փորձեր կատարվեն՝ խոչընդոտելու մեր պայքարը, միևնույն է, ազատ և անկախ Հայաստանի համար մղվող պայքարը հնարավոր չէ կասեցնել։
Շնորհակալություն եմ հայտնում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանին և բոլոր մարդկանց, ովքեր այս ընթացքում որևէ կերպ սատարել և անհանգստացել են ինձ համար»,- գրել է Հարությունյանը ։