Իտալիան պատրաստ է հանդես գալ որպես Ուկրաինայի չեզոք կարգավիճակի երաշխավոր. Իտալիայի արտգործնախարար
Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստակամ է դառնալ Ուկրաինայի չեզոք կարգավիճակի երաշխավորներից մեկը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
«Մեզ համար գլխավոր առաջնահերթությունը բանակցային գործընթացի շարունակությունն է: Թուրքիայի գործողությունները բարձր են գնահատվում: Բանակցությունների արդյունքները կվերլուծվեն: Իտալիան պատրաստ է հանդես գալ որպես Ուկրաինայի չեզոք կարգավիճակի երաշխավոր»,- ասել է իտալացի նախարարը ապրիլի 2-ին Բաքվում։
Իտալիայի ԱԳ նախարարը խոսել է նաև էներգետիկ ոլորտի խնդիրների մասին, որոնց բախվել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հետևանքով։
Լուիջի Դի Մայոն ասել է՝ Իտալիան էներգետիկ անվտանգության կազմված ծրագրի շրջանակներում նպատակ ունի հեռանալ ռուսական շուկայից։ «Այդ նպատակով Հռոմը մտադիր է ակտիվացնել աշխատանքը միջերկրածովյան տարածաշրջանի ուղղությամբ»,- ավելացրել է Իտալիայի արտգործնախարարը։