Ուկրաինայի անվտանգության երաշխավոր երկրների ցուցակը դեռ չի ձևավորվել. Ռուդենկո
Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել այն մասին, թե որ երկրները կարող են դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը։
«Անվանվել են մի շարք երկրներ։ Ոմանք արդեն հաստատել են, որ պատրաստ են միանալ երաշխավորների թվին, շատ երկրներ դեռ քննարկում են։ Ուստի, ամենայն հավանականությամբ, դեռ վաղ է այս հարցը տալ»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե կազմվե՞լ է Ուկրաինայի անվտանգության երաշխավոր երկրների ցուցակը։
Ռուդենկոն հավելել է, որ Ուկրաինայի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցելու համար հատուկ պատվիրակություն ստեղծելու կարիք չկա։ Նրա խոսքով՝ Մոսկվան կարիք չունի կրկնօրինակելու այն, ինչ անում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։