Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները մտադիր են հետագա օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Երեքշաբթի Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները մտադիր են հետագա օգնություն ցուցաբերել Ուկրաինային և զինամթերք մատակարարել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Դաշնակիցները հավատարիմ են Ուկրաինային հետագա աջակցություն ցուցաբերելուն, ներառյալ հակատանկային զենքի, հակաօդային պաշտպանության համակարգերի և այլ սարքավորումների մատակարարումը»,- ասել է Ստոլտենբերգը։
Ըստ գլխավոր քրատուղարի՝ ՆԱՏՕ-ն Ուկրաինային ռազմական աջակցություն է ցուցաբերում այն չափով, որը չի հանգեցնի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լայնամասշտաբ պատերազմի։
«ՆԱՏՕ-ի պարտականությունն է կանխել Ուկրաինայի սահմաններից դուրս էսկալացիան: Սա է պատճառը, որ ՆԱՏՕ-ն ստիպված է դժվար որոշում կայացնել (Ուկրաինային) օգնություն տրամադրել (միայն) այն ձևով, որը չի նպաստի hակամարտության՝ Ռուսաստանի՝ միջուկային տերության և ՆԱՏՕ-ի միջև լայնածավալ պատերազմի վերածմանը: Սա իրողություն է, որը պետք է ընդունել»,- ասել է Ստոլտենբերգը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով դաշինքի ոչ մի անդամ չի աջակցի Ուկրաինա զորք ուղարկելուն։
«Մենք կուսումնասիրենք, թե ուրիշ ինչ կարող ենք անել Ռուսաստանին վնասելու համար, ներառյալ պատժամիջոցները, բայց ես ենթադրում եմ, որ ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր չի աջակցի ՆԱՏՕ-ի զորքերն Ուկրաինա ուղարկելուն»,- ասել է նա։