Բացառապես և միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է որոշել իր ապագան ու վաղվա օրը. Արթուր Վանեցյան
Ազատության հրապարակում այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ասել է. «Բացառապես և միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է որոշել իր ապագան ու վաղվա օրը։ Այս առումով այսօրվա մարդաշատ հրապարակը շատ ոգևորող և ողջունելի է։ Մեր հայրենակիցներն, ի վերջո, հասկացել են, որ մեր Հայրենիքն ու Արցախը վտանգված է և իրենք պետք է քայլեր գործարկեն, որպեսզի այս իրավիճակից դուրս գանք:
Կարծում եմ, ճիշտ չէ, եթե մանրամասն ներկայացնեմ, թե ինչ է հետագայում լինելու։ Իհարկե, սա մեկանգամյա գործընթաց չէ, այլ շարունակական։ Ընդդիմադիր քաղաքական ուժերն ունեն մեկ մանդատ, այն մեզ տվել են մեր հայրենակիցները՝ հեռացնել այս իշխանություններին, որպեսզի Հայաստանն ու Արցախը կարողանան ուղղել իրենց մեջքը, նորմալ բանակցային դիրքերից հանդես գան՝ ապահովելով երկու հայկական պետությունների ազգային և պետական շահերը»,- ընդգծել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ուհավելել՝ ամենակարևոր խնդիրը, որը պետք է ֆիքսել և հասկանալ, այն է, որ հայ քաղաքացին է իր ակտիվ մասնակցությամբ վճռելու Հայաստանի վաղվա օրն ու Արցախի ապագան։
Անդրադառնալով հանրահավաքային պայքարին՝ Վանեցյանը նշել է, որ գործընթացը մշտական պետք է դառնա։