Թարմացնեմ Վանաձորի «Մուշ» համատիրության ղեկավար Հովսեփյանի հիշողությունը՝ մենակ փող հավաքելու համար չի պատասխանատու համատիրությունը...
Լրագրող Լուսինե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ և տեղեկացրել, որ դրանք Վանաձորի «Մուշ» համատիրության կազմում գտնվող Րաֆֆու 15/16 շենքից են նկարները:
«Հուսահատ բնակիչը, օրերով զանգելով համատիրության կառավարիչ Աղանիկ Հովսեփյանին, ստիպված ինձ է ուղարկել նկարները»,-գրել է լրագրողն ու հավելել.
«Քաղաքացու 1-ին հարկում գտնվող բնակարանը ողողվել է տանիքի հալոցքաջրերով, իսկ համատիրությունն իր անմիջական պատասխանատվության խնդիրը բարդում է քաղաքապետարանի վրա: Քանի օր է՝ ես ևս զանգում եմ Հովսեփյանին, ի դեպ Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղ գտած հեռախոսահամարով:
Տպավորություն է, որ կոնտակտը վաղուց գոյություն չունի, ուղղակի ձևական գրված է: Ամեն դեպքում թարմացնեմ Հովսեփյանի հիշողությունը, որ մենակ փող հավաքելու համար չի պատասխանատու համատիրությունը:
Օրենքի համաձայն, համատիրությունը պետք է կառավարի, պահպանի, նորոգի և սպասարկի շենքի բնակիչների ընդհանուր սեփականությունը, այսինքն՝ շենքը կրող կառուցվածքները, առաստաղները, հատակները, նկուղներն ու ձեղնահարկը, տանիքն ու մուտքերը, աստիճանավանդակները, վերելակները և այլ տարածքները»:
Լուսինե Սարգսյանը հղում անելով պատկան մարմիններին՝ նշել է. «Ակնկալում եմ համայնքային պատասխանատուների ինստիտուտը, մարզպետ Արամ Խաչատրյանին էլ հորդորում խոշորացույցի տակ առնել անհասկանալի այս ինստիտուտը.
Davit Hakobyan, Edik Hovsepyan, Լոռու մարզպետարան, Арам Хачатрян»:
Նրանցից Էդիկ Հովսեփյանը արձագանքել է լրագրողի գրառմանը. «Վաղը խնդիրը կուսումնասիրվի»,- գրել է նա: