Լոնդոնը սառեցնում է ռուսական ակտիվներից 350 մլրդ դոլար
Մեծ Բրիտանիայի իշխանությունները սառեցրել են 350 միլիարդ դոլարի ռուսական ակտիվները՝ կապված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության շարունակվող պատերազմի հետ։ Այս կապակցությամբ պաշտոնական հայտարարություն կարվի մինչև շաբաթվա վերջ, չորեքշաբթի օրը՝ ապրիլի 6-ին, Լեհաստան կատարած այցի ժամանակ ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։
Բրիտանացի նախարարի խոսքով՝ «604 միլիարդ դոլարի արժութային պահուստների ավելի քան 60 տոկոսը» այլեւս հասանելի չէ Մոսկվային։ Թրասն ընդգծել է, որ «համակարգված պատժամիջոցները ռուսական տնտեսությունը հետ են շպրտում խորհրդային ժամանակաշրջան»։ «Սակայն մենք կարող ենք և պետք է անենք ավելին», - ասաց նա՝ կոչ անելով արգելել ռուսական նավերի մուտքը արևմտյան նավահանգիստներ և «համաձայնվելով ռուսական նավթի, ածուխի և գազի ներմուծումը դադարեցնելու հստակ ժամանակացույցի շուրջ»։
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը նաև կոչ է արել ՆԱՏՕ-ի և G7-ի գործընկերներին սահմանափակումներ մտցնել արդյունաբերության ոլորտում։