Պատերազմներից հետո մենք գտնվելու վայրն անհայտ 985 մարդ ունենք. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվել են շարունակել աշխատանքը լուծումներ գտնելու ուղղությամբ: Քննարկվել են նաև հումանիտար հարցեր: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Փաշինյանը՝ անդրադառնալով Բրյուսելում կայացած հանդիպմանը։
Նա նշեց, որ քննարկվել է նաև գերիների վերադարձի հարցը։ Փաշինյանի խոսքով՝ Եվրամիության խորհրդի նախագահն ընդգծել է գերեվարված բոլոր անձանց ազատ արձակելու անհրաժեշտությունը:
«Քննարկեցինք նաև անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու շուրջ համագործակցելու հնարավորությունը: Հիշեցնեմ, որ արցախյան երկու պատերազմներից հետո մենք գտնվելու վայրը անհայտ 985 մարդ ունենք, 208 հոգի 44-օրյա պատերազմից է, 777 հոգին՝ արցախյան առաջին պատերազմից: Պետք է շարունակենք նրանց ճակատագիրը պարզելուն ուղղված աշխատանքը»,- ասաց Փաշինյանը։