ՀՀ-ում տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո և կան Ադրբեջանի տարածքներ, որոնք ՀՀ վերահսկողության ներքո են․ այս հարցերը պիտի լուծվեն
Հայաստանի Հանրապետության տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, կան Ադրբեջանի տարածքներ, որոնք Հայաստանի վերահսկողության ներքո, և այս հարցերը պիտի լուծվեն բանակցությունների արդյունքներով՝ բնականաբար, դե յուրե հիմնավորված արձանագրումների, իրավական նշանակություն ունեցող փաստերի հիման վրա: Այս մասին կառավարության ապրիլի 7-ի նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բրյուսելյան այցին։
Նրա խոսքով՝ սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությունը:
«Եվրամիությունը նույնպես աջակցելու պատրաստակամություն է ցուցաբերում, և այս ուղղությամբ պիտի առաջ շարժվենք: Գիտեք, որ մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դե յուրե սահման գոյություն ունի, և դա խորհրդային ժամանակներում գոյություն ունեցող սահմանագիծն է: Այս արձանագրումով սահմանագծման աշխատանքները պետք է սկսել և փորձել լուծումների հասնել՝ զուգահեռ միջոցներ ձեռնարկելով անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, նաև, որ քննարկման թեմաներից է եղել նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, որի շուրջ արձանագրել են որոշակի տարընթերցումներ և պայմանավորվել են շարունակել աշխատանքը լուծումներ գտնելու ուղղությամբ: