Մենք վստահ ենք՝ մեր հայ բարեկամները ամբողջապես վստահում են ռուսական խաղաղապահ զորակազմին. Սերգեյ Լավրով
Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը, անդրադառնալով արցախյան Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակին, ասել է՝ ՌԴ խաղաղապահ զորակազմը զբաղվում է կատարվածի բոլոր հանգամանքների պարզմամբ, ինչի մասին այսօրվա բանակցություններում խոսվել է:
«Այդ հանգամանքները մեզ համար մինչև վերջ պարզ չեն: Չէի ցանկանա հիմա առաջ անցնել ու որևէ վերջնական դատողություն անել: Մենք վստահ ենք, որ մեր հայ բարեկամները ամբողջապես վստահում են ռուսական խաղաղապահ զորակազմին և երբեմն հնչող կոչերն այդ զորակազմը պատասխանատվության ենթարկելու, ինչ-որ ծառայողական հետաքննություն անցկացնելու վերաբերյալ, չեն արտացոլում հայ ժողովրդի, երկրի ղեկավարության վերաբերմունքն այն ահռելի դերակատարամանը, որը ռուսական խաղաղապահ զորակազմն ունի այդ տարածաշրջանում կայունության ապահովման հարցում: Այո, փոքր միջադեպեր տեղի են ունենում: Եվ տվյալ միջադեպի պարագայում մեր զինվորականները ուսումնասիրություն են անցկացնում, քանի որ կան բաներ, որոնք պարզման կարիք ունեն»,- ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: