2021 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնության բնակչությունը կազմել է 147 միլիոն մարդ
«Ռոսստատի» ղեկավար Պավել Մալկովը հայտարարել է, որ մարդահամարի նախնական արդյունքների համաձայն Ռուսաստանի Դաշնության բնակչությունը, 2021 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, կազմել է 147 միլիոն մարդ. վերջնական արդյունքները կհրապարակվեն մայիսին:
Համառուսաստանյան մարդահամարը, որ անցկացվել է 2021 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 14-ը, ի սկզբանե նախատեսված է եղել անցկացնել 2020 թվականին։
«Այսօր արդեն հնարավոր է հրապարակել մարդահամարի նախնական արդյունքները, բնակչության ընդհանուր թիվը հասնում է մոտավորապես 147 միլիոնի։ Դեռ որոշ փոքր հստակեցումների կարիք կա, մենք արդեն ավարտում ենք տվյալների մշակումը, բայց նշված թվից շեղումը 0,3 տոկոսի շրջանակներում կլինի։ Այսինքն, հիմա արդեն կարելի է ասել, որ 2021 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ մեր երկրում մշտապես բնակվում է 147 միլիոն մարդ»,- Մալկովի խոսքերն է մեջբերել «Ռիա Նովոստի»-ն։