Մինսկի խմբի եռանախագահությունը չեղարկելու մասին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մասին որևէ տեղեկություն չունեմ. Էդուարդ Աղաջանյան
Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն, ըստ որի՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ն հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» շրջանակում և չեղարկել են համանախագահների «եռյակը»: Աղաջանյանն ասել է՝ Մինսկի խմբի եռանախագահությունը չեղարկելու մասին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մասին որևէ տեղեկություն չունի, և եթե ՌԴ ԱԳ նախարարն էլ նման հայտարարության մասին չի խոսել, հետևաբար, խոսքը գնում է վերջինիս ենթադրության մասին:
«Մեր դիրքորոշումը կամ մեր ընկալումները այլ են, և ռուսական կողմից, բնականաբար, թերևս անհրաժեշտություն չկա դրա մասին խոսել»,- ասել է Աղաջանյանը և նշել, որ ռուսական կողմից կան դրական ազդակներ և պատրաստակամություն՝ շարունակելու ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով աշխատանքները։