ԱՄՆ-ն Բորիս Ելցինին և Վլադիմիր Պուտինին առաջարկել է Ռուսաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը. Բիլ Քլինթոն
ԱՄՆ-ն Բորիս Ելցինին և Վլադիմիր Պուտինին առաջարկել է Ռուսաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը։
Նրա խոսքով՝ 1990-ականներին Հյուսիսատլանտյան դաշինքի և Մոսկվայի հարաբերությունները զարգացան։ Նա հիշեցրել է, որ այն ժամանակ Ռուսաստանը մասնակցել է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին, կնքվել է Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտը փոխհարաբերությունների, համագործակցության և անվտանգության վերաբերյալ, և ԱՄՆ-ն ֆինանսական օգնություն է ցուցաբերել Ռուսաստանին՝ Բալթյան երկրներից իր զինուժը դուրս բերելու համար։ Բացի այդ, Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն համատեղ մասնակցել են տարբեր տեսակի խաղաղապահ գործողությունների։
«Այս ամբողջ ընթացքում մենք բաց ենք պահել ՆԱՏՕ-ի դռները Ռուսաստանի մուտքի համար, ինչի մասին ես հստակ ասել եմ Ելցինին, իսկ հետո նրա իրավահաջորդ Վլադիմիր Պուտինին»,- ասել է ամերիկացի նախկին նախագահը։