Եթե ԱԺ-ում չգտնվեի, եթե ԱԺ ամբիոնը չհարգեի՝ ավելի վատ բառապաշարով կարտահայտվեի մյուս կողմում նստած անհասկանալի մարդկանց նկատմամբ․ Վիլեն Գաբրիելյան
Մարդիկ հանրահավաք են անում, հանրահավաքից հետո հայտարարություն են տարածում, հանրահավաքի ընթացքում անընդհատ հնչում է այն միտքը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակով։ Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։
Գաբրիելյանը հիշեցրեց ընդդիմության կազմակերպած հանրահավաքում հնչեցված մի հայտարարություն, որով ընդդիմադիր գործիչները նշել էին, որ բացառում են Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, առանց ՀՀ-ի հետ հուսալի կապի Արցախի հետ:
«Հիմա հարց եմ տալիս, ճի՞շտ եմ հասկանում, որ մարդիկ՝ ասելով, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, միաժամանակ տարածել են հայտարարություն և ասում են՝ եթե Արցախը ՀՀ-ի հետ ունենա անվտանգ միջանցք, ճանապարհ, մենք կարող ենք այդ հարցը քննարկել։ Եթե ԱԺ-ում չգտնվեի, եթե ԱԺ ամբիոնը չհարգեի՝ շատ ավելի վատ բառապաշարով կարող էի արտահայտվել մյուս կողմում նստած անհասկանալի մարդկանց նկատմամբ»,– ասաց Գաբրիելյանը։