Փաշինյանը չի բացառում՝ խաղաղության օրակարգը կարող է Ադրբեջանի համար ագրեսիվ գործողությունների առիթ դառնալ Հայաստանի ու Արցախի դեմ
Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ խաղաղության օրակարգն այլընտրանք չունի Հայաստանի համար: Այս մասին նա հայտարարեց ԱԺ իր ելույթում՝ միաժամանակ նշելով, որ իլյուզիաներ չունի, որովհետև չի բացառում, որ Ադրբեջանը կփորձի խաղաղության բանակցությունների գործընթացը հնարավորինս արագ փակուղի մտցնել՝ դա դարձնելով Հայաստանի և Արցախի դեմ նոր ագրեսիվ գործողությունների առիթ։
«Նույն հաշվարկը ունենք նաև դելիմիտացիայի աշխատանքների կապակցությամբ, որովհետև չենք բացառում, որ Ադրբեջանը այդ գործընթացը կօգտագործի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ձևակերպելու համար՝ դե յուրե հայտարարելով, որ ոչ մի տարածքային պահանջ էլ չունի», - ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց, որ հասկանալով ու հաշվարկելով բոլոր ռիսկերն ու մարտահրավերները՝ Հայաստանը եկել է այն եզրակացության, որ նույն կետում կանգնելն ու գործընթացում որոշակի առաջընթաց չապահովելը ոչ միայն չի նվազեցնում, այլև ավելի է սրում ռիսկերը:
«Այս է պատճառը, որ Հայաստանը նաև դելիմիտացիայի հարցում է Բրյուսելում եկել համաձայնության՝ մինչև ապրիլի վերջ ստեղծել Դելիմիտացիայի ու սահմանային անվտանգության հարցերով Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանձնաժողով ու սկսել աշխատանքը», - ասաց նա: