Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածը ձախողում էր նաև ՀԱՊԿ-ի համար. Փաշինյան
«Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածն անշուշտ զինված ուժերի և կառավարության ձախողումն է, բայց այն՝ թե ինչպես տեղի ունեցածին արձագանքեց ՀԱՊԿ-ը, կարծում եմ, որ ձախողում էր նաև կազմակերպության համար»: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ ՀԱՊԿ-ը մինչ օրս խնդրի առարկա հատվածում մոնիթորինգ իրականացնելու որոշում չի կայացրել՝ արդարացնելով երկար տարիներ հայ հանրության շրջանում առկա մտավախությունը, թե Հայաստանի անվտանգության համակարգի համար կարևորագույն նշանակություն ունեցող այդ կազմակերպությունն անհրաժեշտ պահին ոչինչ չի ձեռնարկի՝ մնալով դիտորդի կարգավիճակում:
Փաշինյանը նկատեց, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ներկա գտնվել Սոթք-Խոզնավար հայտվածում՝ իրական սպառնալիքներ ստեղծելով Հայաստանի Հանրապետության անվտանգության համար:
«Բայց նաև ուզում եմ արձանագրել, որ այդ իրադարձությունների հետևանքով օկուպացիայի տակ հայտնված 45 ք/կմ տարածքները, ցավոք, միակը չեն: ՀՀ-ում դեռևս 90-ականների սկզբից ևս շուրջ 70 ք/կմ տարածք գտնվում է այդ կարգավիճակում և, ինչպես ասել եմ, մեր քաղաքականությունն է հարցի լուծումը դիտարկել դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի համատեքստում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: