Ինչո՞ւ ձախողում տեղի ունեցավ․ Նիկոլ Փաշինյան
Այսօր Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև իշխանությունների ձախողումների մասին։ Որպես այդպիսին նա նշեց 2021թ․-ի մայիսի 12-ի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք՝ Սոթք-Խոզնավար հատվածում։
«Ինչո՞ւ այդ ձախողումը տեղի ունեցավ։ Այդ հարցի պատասխանը ստանալու համար թերևս պետք է դիտարկել դրան նախորդած շատ կարևոր իրադարձություն։ 2021թ․ մայիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովն արձակվեց իրավունքի ուժով և մեր երկիրը թևակոխեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջափուլ։ Եվ միանշանակ է, որ դրանից երկու օր անց տեղի ունեցած ներխուժման մոտիվացիաներից մեկը Հայաստանի պետական ինստիտուտներն ու պետականությունը կաթվածահար անելն է, նախընտրական և ընտրական քաոսի հարուցումը և ընտրությունների ազդեցության վրա ազդեցություն ունենալն է։ Կարող ենք ուղիղ ասել, որ դա հարձակում էր Հայաստանի ժողովրդավարության վրա։ Պետք է ասել, որ ընդդիմությունը, որի երբեմնի առաջնորդի խոստովանությամբ ինքը դեռ պատերազմի ժամանակ էր գեներալներին կոչ անում հրացանափողերն ուղղել ոչ թե հակառակորդին, այլ Հայաստանի կառավարության շենքի վրա, ի վերջո հասավ իր նպատակին։ Եվ պարզվեց, որ բանակում կան ուժեր, որոնց ավելի շատ հետաքրքրում է ոչ թե այն, թե ինչ է կատարվում սահմանին, այլ այն, թե ինչ է կատարվում Հանրապետության հրապարակում, Բաղրամյան պողոտայում, Մելիք Ադամյան փողոցում»,- ասաց Փաշինյանը: