Անսահման մեղավոր եմ զգում նաև Աստծո առաջ, եթե Աստված հանգել է որոշման, որ պատերազմից հետո ես պետք է շարունակեմ առաջնորդել երկիրը, ուրեմն դա իմ խաչն է, որը պիտի տանեմ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ունեցած ելույթի ժամանակ նշեց, որ եթե Աստված և ժողովուրդը շատերի համար անսպասելի և անտրամաբանական որոշման են հանգել, որ 44-օրյա պատերազմից հետո ես պետք է շարունակեմ առաջնորդել երկիրը և ժողովրդին, ուրեմն այս ամենն ասելը և այս ամենի պատասխանատվությունը ստանձնելը իմ առաքելությունն է, իմ լուծը, եթե կուզեք իմ խաչը, որը պիտի տանեմ:
«Քանի որ խոստովանությունների ելույթ է ստացվում, ու քանի որ ավագ շաբաթ է, պիտի նաև խոստովանեմ, որ անսահման մեղավոր եմ զգում նաև Աստծո առաջ, որ չկարողացա կյանքի կոչել նրա մեծագույն պատվիրաններից մեկը՝ Երանի խաղաղարարներին, որովհետև Աստծո որդիներ պիտի կոչվեն: Բայց, քավ լիցի, եկեք տուրք չտանք էմոցիաներին, որովհետև հիմա մեզ առավել քան երբևէ պետք է սթափ դատողություն, ռացիոնալ մոտեցում և իրատեսական գնահատական: Եվ այս համատեքստում կուզենայի անդրադառնալ վերջին շրջանի մի շարք իրադարձությունների, պայմանավորվածությունների և անելիքների, խոսել ռիսկերի և հնարավորությունների, սպառնալիքների և հույսերի մասին»,- նշել է Փաշինյանը: