Կա պատկերացում, որ հայ պատանդների հերթական խումբը պետք է ազատ արձակվի. Արարատ Միրզոյան
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հայ պատանդների հերթական խումբը պետք է ազատ արձակվի:
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Միրզոյանը հայտարարել է, որ հայ պատանդների հերթական խումբը պետք է ազատ արձակվի և վստահեցրել՝ անհետ կորածների, գերիների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդիրը իրենց առաջնային ուշադրության կենտրոնում է, ամենժամյա աշխատանքի թեման և թիրախը.
«Ես չեմ կարող մտաբերել որևէ լուրջ հանդիպում և քննարկում, որտեղ այս թեման չի արծարծվում։ Ադրբեջանը մինչ այսօր չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունը, այն է՝ անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց»,-ասաց Միրզոյանը և ավելացրել՝ գերիների հարցը քննարկվել է ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Շառլ Միշելի՝ բրյուսելյան հանդիպման ընթացքում.
«Կա պատկերացում, որ հայ պատանդների հերթական խումբը պետք է ազատ արձակվի։ Մենք հիմա շարունակում ենք բանակցել դրա շուրջ», - ասել է նա։