Արտակարգ դեպք Կանաչուտ գյուղում
Այսօր՝ ապրիլի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում. ժամը 13:40–ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն և ոստիկանության Արարատի մարզային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Կանաչուտ գյուղի տներից մեկի հողամասում բնակիչը հողի մշակման ժամանակ հողի տակ կասկածելի զինամթերք է հայտնաբերել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն ժամանել են ոստիկանները, նաև ԱԻՆ ՓԾ Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հայտնաբերված զինամթերքն անվտանգ վայր տեղափոխելու և վնասազերծելու նպատակով ժամանել են ԱԻՆ սակրավորները, որոնք հատուկ արկղով այն տեղափոխել են:
Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության փորձաքրեագետը: