Սերժ Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին՝ չէր հանձնելու, պատերազմ էր սկսվելու․ Փաշինյանն արձագանքել է Սերժ Սարգսյանին
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում ունեցած ելույթում անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա արձագանքին՝ կապված իր ապրիլի 13-ի ելույթի հետ։
«Անդրադառնամ Սերժ Սարգսյանի արձագանքին, որովհետև տվեց մի շատ ֆունդամենտալ և կարևոր հարցի պատասխան»,- ասաց Փաշինյանն ու շարունակեց․
Երեկ ես այս դահլիճում ներկայացրեցի 1998-2018 թվականներին տեղի ունեցող իրադարձությունների շղթան և պատահական չէ, որ Սերժ Սարգսյանն այդ երեք ժամանոց քննարկումից անդրադարձել է ընդամենը մեկ դրվագի՝ ասելով, որ ինքը Ղարաբաղի հարցի փուլային կարգավորման շուրջ չի բանակցել երբեք և որ ինքը՝ «փուլայինի և փաթեթայինի տարբերության մասին մի քանի անգամ հրապարակային խոսել եմ, նաև հանգամանորեն բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ միանշանակ պետք է լուծվի փուլերով»:
Այսինքն, ըստ էության, այստեղ, կարծում եմ, այդ թեմայով բանավեճն ավարտվում է, բայց ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մեկ փաստի վրա։ Ինչո՞ւ է միայն այդ դրվագին արձագանքել Սերժ Սարգսյանը. այս դրվագի հենց պարզաբանմամբ ֆունդամենտալ մի հարց է լուծվում, որ 1998 թվականի իշխանափոխությունը ոչ թե Ղարաբաղի որևէ կարգավիճակի, ոչ թե Ղարաբաղն ինչ-որ բանից փրկելու համար էր, այլ իշխանությունը զավթելու համար էր։ Միայն այս դրվագի պարզաբանումն առանց մանրամասների ընդգծում է, որ 20 տարվա պատմությունն ունեցել է բոլորովին ուրիշ համատեքստ։ Ամենևին էլ պատահական չէ, որ 2020 թվականի պատերազմից հետո Սերժ Սարգսյանը վերադառնալով 2018 թիվ՝ ասում է «ես այն ժամանակ ուզում էի մնալ վարչապետ Ղարաբաղի հարցի համար»։ Նրանց ամեն ինչի լեգիտիմությունը Ղարաբաղի հարցն է։
Ո՞նց էր Սերժ Սարգսյանը լուծելու Ղարաբաղի հարցը, երբ 2018 թվականի ապրիլի 17-ին ասել էր՝ բանակցությունները կանգնած են, լավատեսություն չեն ներշնչում ու Ադրբեջանի ակնկալիքները բանակցային գործընթացից անիրատեսական են, անընդունելի մեզ համար։ Գնալու էր ու ընդունե՞ր Ադրբեջանի անիրատեսական պահանջները»,- ասաց Փաշինյանը։
Նա հիշեցրեց ևս մեկ հայտարարություն, որ արել է Ս. Սարգսյանն այս ամբիոնից՝ «այլևս շատ երկար ժամանակ չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը չի փորձելու ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը»։
«Այս էլ այն հարցի պատասխանը, թե իրականում պատերազմական իրադրության հեղինակն ո՞վ է։ Մեր իշխանությո՞ւնն է պատերազմի հեղինակը, թե՞ մեր իշխանությունը չէ։
Իսկ երբ որ ասում եմ, որ, այո, կարելի էր պատերազմը կանգնել…Դա ժանր է, կոչվում է գրոտեսկ։ Ես ասում եմ, որ պատերազմը կարելի էր կանխել Սերժ Սարգսյանի հիշատակած անիրատեսական և անընդունելի պահանջները կատարելու արդյունքում»,- ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե 1996 թվականին Շուշի հարցը սեղանին է եղել. «Սերժ Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին՝ չէր հանձնելու, պատերազմ էր սկսվելու և ոչ միայն Շուշին, Ղարաբաղի մի մասը հանձնելո՞ւ էր։
Եթե մենք Ղարաբաղն ուզենայինք հանձնել, Սերժ Սարգսյանի թողած բանակցային տրամաբանությունը մինչև վերջ տանեինք, դրանով Ղարաբաղը հանձնած կլինեինք, որովհետև եթե նույնիսկ պետք է տեղի ունենար հանրաքվե, այդ հանրաքվեն պետք է տեղի ունենար կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով, պատերազմը Շուշիի համար է եղել։
«Ասում էին կանգնեցնեիք, կանխեիք պատերազմը։ Ինչի՞, մենք չէինք մտածո՞ւմ դրանց մասին։ Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել։ Հնարավոր չէր ուղղակի։ Մեր տղաները, ովքեր ընկել են, նրանք կանգնել են Ղարաբաղը չհանձնելու հնարավորության համար և այն, ինչ ես խոսում եմ, Ղարաբաղը չհանձնելու մասին է։ Որովհետև եթե մենք այլ ճանապարհով գնանք, մենք Ղարաբաղը հանձնելու ենք՝ Փառուխի դեպքերը ձեզ օրինակ, կտոր-կտոր»,- ասաց Փաշինյանը։