Մենք չենք ուզում ժամկետայիններին տանենք, պայմանագրայիններին բերենք, մենք ուզում ենք բոլորին հետ բերենք․ Փաշինյան
«Մենք հողեր ենք պահել, քանի դեռ դա շատերին ձեռնտու է եղել, ախր եկեք սա հասկանանք: Հերիք է, հիմա մենք խոսում ենք Հայաստանի ու Արցախի լինել-չլինելու մասին: Հայաստանն ու Արցախը ընդամենը հողակտորներ չեն, Հայաստանը մարդիկ են, կարգավիճակ է, պետություն է, միջազգային իրավահարաբերության սուբյեկտ է, սա ենք մենք ուզում»։ Այս մասին ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև խոսեց բանակի մասին՝ մասնավորապես անդրադառնալով պարտադիր ժամկետային զինծառայությանը․
«Ասում են՝ ժամկետայիններին հետ բերեք, պայմանագրայիններին տարեք, իսկ, կներեք, եթե պատերազմ սկսեց, բոլորը պետք է գնան առաջնագիծ: Մենք չենք ուզում ժամկետայիններին տանենք, պայմանագրայիններին բերենք, մենք ուզում ենք բոլորին հետ բերենք, որովհետև մենք ուզում ենք ունենալ սահման ու սահմանապահներ. քանի սահմանին զինվոր է կանգնած, դա խաղաղություն չէ, խաղաղությունն այն է, երբ սահմանին կանգնած է սահմանապահ ու հարցերը կարգավորվում են սահմանային նշանների միջոցով, ոչ թե դիրքերի, բարձունքների: Մենք մոտ հազար զոհ ենք ունեցել խաղաղության ժամանակաշրջանում, մի մասը ոչ մարտական պայմաններում. դա խաղաղություն չէ», - ասաց Փաշինյանը: