Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին կհանգեցնի ամենաանցանկալի հետևանքների
ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հինգշաբթի օրը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը Հյուսիսատլանտյան դաշինք լրջորեն կվատթարացնի իրավիճակը ռազմական ոլորտում և կհանգեցնի ամենաանցանկալի հետևանքների։
«Շվեդիայի և Ֆինլանդիայի չեզոք կարգավիճակն ընդհանրապես չէր խանգարում նրանց մերձենալ Եվրամիության հետ, այնուհետև դառնալ դրա անդամ, և, իհարկե, եթե ելնենք ռացիոնալ նկատառումներից, եթե նայենք իրավիճակին, Հյուսիսային Եվրոպայում ապրող ժողովուրդների հիմնարար շահերի տեսանկյունից, ապա ներկայիս իրավիճակը պետք է պահպանվի։ Հակառակ դեպքում դա լրջորեն կվատթարացնի իրավիճակը ռազմական ոլորտում և կհանգեցնի ամենաանցանկալի հետևանքների, որոնցից պետք է խուսափել»,- ասել է փոխնախարարը՝ միևնույն ժամանակ շեշտել, որ Ռուսաստանի Դաշնությունը դիվանագիտական կապեր է պահպանում Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ։
«Դիվանագիտական կապերը միշտ պահպանվում են, կան դեսպանատներ, բայց Շվեդիան և Ֆինլանդիան միացել են պատժամիջոցներին, նրանք մասնակցում են Արևմուտքում սկսված հակառուսական արշավին, սա է այսօր իրականությունը»,- ասել է դիվանագետը։
Գրուշկոյի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը կձեռնարկի անհրաժեշտ պաշտպանական միջոցներ, երբ Շվեդիան և Ֆինլանդիան անդամակցեն ՆԱՏՕ-ին։
«Մենք Ֆինլանդիայի հետ ունենք սահման՝ 1300 կմ, սա կնշանակի ռազմաքաղաքական իրավիճակի արմատական փոփոխություն, և պարզ է, որ մենք ստիպված կլինենք միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու մեր անվտանգությունն ու պաշտպանությունը, սա ռազմական զարգացման ալֆան և օմեգան է»,- ասել է նա՝ պատասխանելով Ռուսաստանի կողմից Բալթյան տարածաշրջանում միջուկային զենք տեղակայելու հնարավորության մասին հարցին։
Ավելի վաղ The Times-ը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել էր, որ երկու երկրներն էլ կարող են ՆԱՏՕ-ին անդամակցել այս ամառ։ Թերթի տվյալներով՝ հունիսին Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հայտ կներկայացնի Ֆինլանդիան, ապա կհաջորդի Շվեդիան։ Հինգշաբթի Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը կամրապնդի իր արևմտյան սահմանները, եթե Շվեդիան և Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին, և այդ ժամանակ «այլևս Բալթիկայի որևէ ոչ միջուկային կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող»։