Արցախցիների թիկունքում որևէ գործընթաց չկա․ հավանաբար, վարչապետին լավ չեն հասկացել․ Էդուարդ Աղաջանյան
Արցախահայության թիկունքում որևէ գործընթաց չկա ու չի կարող լինել, ու այս գործընթացի կարևոր շահառուն հենց Արցախի Հանրապետությունն է։ Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում ելույթին ու Արցախի ԱԺ հայտարարությանը։
Նա նշեց, թե իբր Արցախում Փաշինյանին ճիշտ չեն հասկացել։
«Հավանաբար, լավ չեն հասկացել վարչապետի ելույթի բովանդակությունը։ Այլ բացատրություն այդ հայտարարության համար ես չեմ կարող տալ»,- ասաց Աղաջանյանը՝ կրկնելով, որ ոչ մի քաղաքական գործընթաց չի կարող լինել արցախցիների թիկունքում։
Ավելին՝ նա նշեց, որ ներկայիս ամբողջ գործընթացն ուղղված է ղարաբաղցիների օրինական իրավունքների իրականացմանն ու պաշտպանությանը։
«Հակամարտության հիմքում ընկած են Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, հայրենի հողում ապրելու և արարելու հնարավորությունը»,- ասաց Աղաջանյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե իբր միջազգային հանրությունն է պահանջում «իջեցնել նշաձողը» Ղարաբաղի հարցում։
Արցախի խորհրդարանն արտահերթ նիստին քննարկեց Հայաստանի, Ռուսաստանի իշխանություններին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված կոչով հայտարարությունը: Պատգամավորները ՀՀ իշխանություններից պահանջել են հրաժարվել Լեռնային Ղարաբաղի շահերը զիջելու իրենց աղետալի դիրքորոշումից։