Չենք հապաղում՝ մեկ կրակոցի հնարավորություն ունենք․ մինչև նոր հանրահավաքի օրը 5 մարդ հանեք թմբիրից․ Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը կանխելով լրագրողների հնարավոր հարցադրումը, թե ինչո՞վ են վստահ, որ իշխանափոխության դեպքում կարող են Արցախի հարցում հասնել ցանկալի արդյունքների, հայտարարեց, որ սրա պատասխանը պարզ է։
«Շատ պարզ․ էմպիրիկ փորձով, որովհետև տասնամյակներ շարունակ հայկական դիվանագիտությանը հաջողվել է իրական միջազգային հանրության, մասնավորապես, համանախագահ երկրների և հայկական դիրքորոշումների նույն ծիրում, նույն էջում գտնվելն ապահովել։ Եթե դա մեզ հաջողվել է առաջ, կհաջողվի նաև ապագայում»,- ասաց պատգամավորը։
Նա նաև նկատեց, որ անմիջապես կարող է հարց առաջանալ, թե այդ դեպքում ինչո՞ւ է ընդդիմությունը հապաղում ու ինքն էլ պատասխանեց իր հարցադրմանը։
«Չենք հապաղում, պարզապես մենք մեկ «կրակոցի» հնարավորություն ունենք, մենք հնարավորություն չունենք չպատրաստված, միանշանակ գծված ու մանրամասն չպլանավորված գործողություններ անելու։ Եվ դրա պատճառով մեզ անհրաժեշտ է որոշակի ժամանակ՝ գործողությունները հստակ մշակելու և դրանք հանրությանը ներկայացնելու։ Դա շատ փոքր ժամանակամիջոցի հարց է»,- ասաց Մամիջանյանը։
«Այդ դեպքում ի՞նչ պետք է անել», հարցին էլ ի պատասխան՝ Մամիջանյանն արձագանքեց առաջարկով ու խնդրանքով։
«Ընտրենք 5 հոգի, որոնք չեն գալիս հանրահավաքի, որոնք դեռևս թմբիրի մեջ են, ու մինչև մենք հայտարարենք մյուս հանրահավաքի օրը, այդ 5 մարդուն բերեք հանրահավաքի՝ 5 նոր մարդ հանեք թմբիրից»,- ասաց Մամիջանյանը։