Ես նույնիսկ զարմանում եմ, որ Արցախի խորհրդարանը կարողացավ կոռեկտ ձևակերպել անընդունելի մոտեցումը. շատ մեծ ուժ է պետք առանց հայհոյանքի ուղղակի արձագանքել. Աբրահամյան
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ Արցախի Ազգային ժողովի լսումներին, որոնց իրենք չեն կարողացել ներկա գտնվել:
Աբրահամյանի խոսքով՝ անկախ այդ հանգամանքներից, ՀՀ խորհրդարանի աշխատանքների մեկնարկից հետո, մշտապես Արցախի խորհրդարանի, խորհրդարանական տարբեր խմբակցությունների և առհասարակ Արցախի բոլոր դերակատարերի հետ աշխատել են, որովհետև Արցախի և հատկապես անվտանգության հետ կապված հարցերը, դիրքորոշումներ ձևակերպելիս, բնականաբար, պետք է հաշվի առնել այն իրողությունները, որոնք առկա են Արցախում, և դրանք առկա են հողի վրա, ոչ թե տեսականորեն:
«Արցախի խորհրդարանը երեկ ձևակերպեց իր ընդհանուր դիրքորոշումը, սահմանեց այն կարմիր գծերը, որոնք պետք է լինեին բանակցությունների գործընթացի տրամաբանության ներքո: Ես նույնիսկ զարմանում եմ, որ կարողացան այս պայմաններում, կոռեկտության պայմաններում ձևակերպել այն անընդունելի մոտեցումը, որն այսօր արտահայտում է Հայաստանի իշխանությունը: Ինչո՞ւ կոռեկտության, որովհետև քաղաքակիրթ լեզվով, բառապաշարով, բառամթերքով արձագանքել այն խորհրդարանին, այն խորհրդարանական մեծամասնությանը, այն քաղաքական գործիչներին, ովքեր Արցախի ապագան տեսնում են Ադրբեջանի կազմում, շատ մեծ տաղանդ և շատ մեծ ուժ է պետք այդ պայմաններում առանց հայհոյանքի ուղղակի արձագանքել»,- ասաց Տիգրան Աբրահամյանը և ևս մեկ անգամ հավաստիացրեց, որ հնարավոր բոլոր միջոցներով, որտեղ մեր Արցախի հայրենակիցները կհամարեն, որ պետք է լինենք մենք՝ քաղաքական դաշտում, ռազմադաշտում, մարտադաշտում, կամ որևէ այլ վայրում, մենք հավաստիացնում ենք, որ մենք այնտեղ լինելու են: