Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է միջազգային հանրություն, ինքը նկատի ունի Թուրքիային և Ադրբեջանին. Թևանյան
Մենք ողջունում, դրական ենք համարում և միանում Արցախի խորհրդարանում ընդունված որոշմանը: Այս որոշմամբ, փաստացի, Հայաստանի և Արցախի խորհրդարաններում հաստատվեց «կոնսենսուս մինուս 1» տարբերակ: Այսինքն՝ Արցախը 100%-ով, ի դեմս իր խորհրդարանի և Հայաստանի խորհրդարանական ընդդիմությանը, դեմ ենք այն մոտեցմանը, համաձայն որի՝ լղոզված, մատիպուլյացիաներով և այլ տարբերակներով ներկայացնելով հանրությանը, փորձում են տարածել, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Մենք դեմ ենք այդ մոտեցմանը: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
Նա նշեց, որ երեկ Արցախն իր ձայնը հնչեցրեց: Այս իշխանությունն ասել էր, որ Արցախի ժողովրդին պետք է բավարարի լուծումը: Բայց, փաստորեն, Արցախի ժողովուրդն ասաց, որ դուք չեք բավարարում մեր մոտեցումները և դուք ոչ լեգիտիմ եք:
««Կոնսենսուս մինուս Նիկոլ Փաշինյան» տարերակը մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի վերածվի քաղաքական արդյունքի, այսինքն՝ այս բանաձևը ենթարկվի քաղաքական կապիտալիզիցիայի: Ես հասկանում եմ մեր քաղաքացիների շտապողականությունը, բայց մենք ունեցել ենք փորձ նաև ոչ դրական փորձ, սխալներից հետևություն ենք արել: Խոսքս փողոցային պայքարի մասին է: Մենք պետք է կազմակերպվենք և հաշվի առնենք մի շատ կարևոր հանգամանք, որ մեր ներքաղաքական հակառակորդը ոչ միայն ու ոչ անգամ Նիկոլ Փաշինյանն ու նրա խմբակն է, այլ Թուրքիան և Ադրբեջանը, որոնք ուղղակի սատարում են Նիկոլ Փաշինյանին: Եվ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է միջազգային հանրություն, ինքը նկատի ունի Թուրքիային և Ադրբեջանին»,- ասաց Անդրանիկ Թևանյանը: