Երեք սուտ է հնչել. Թևանյանը պարզաբանում է
Այս երկու օրերին՝ խորհրդարանական քննարկումների ժամանակ, երեք սուտ է հնչել: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
Թևանյանը, պարզաբանելով իր ասածը, նշեց.
«Սուտ N1- Պատերազմը Շուշիի համար էր:
Մինչև Շուշին չհանձնվեր կամ չհանձնեին, ինչպես ինքնախոստովանական ցուցմունքի ձևով ներկայացվեց, պատերազմը չէր դադարեցվի: Այդ սուտ հերքվել է ՌԴ նախագահի մակարդակով և այդ հերքմանը հերքում չի տրվել:
Սուտ N2- Միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի հետ կապված հայաստանյան մոտեցումը:
Չկա նման բան, հարգելի՛ հայրենակիցներ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների որևէ ներկայացուցիչ չի հայտարարել այն մասին, որ Հայաստանը պետք է իջեցնի իր նշաձողը կարգավիճակի հետ կապված: Ավելին, համանախագահող որևէ երկիր չի ասել, որ ինքը հրաժարվում է Մադրիդյան սկզբունքների մոտեցումներից: Թե կուլիսներով ով և ինչ տեսակետ ունի, ով ինչի մասին է քննարկում, դա այլ խոսակցության թեմա է: Բայց որևէ հրապարակային խոսք չկա և սա հերթական անգամ մեզ բերում է այն համոզմանը, որ միջազգային հանրություն ասելով Նիկոլ Փաշինյանը նկատի ունի Թուրքիային և Ադրբեջանին, որովհետև միայն Թուրքիան և Ադրբեջանն են և դրանից հետո նաև Նիկոլ Փաշինյանը, հայտարարել, որ Հայաստանը պետք է իջեցնի իր նշաձողը կարգավիճակի հետ կապված:
Վերջապես Սուտ N3, որը փոխկապակցված է Սուտ N2-ի հետ, առ այն, որ հայ-թուրքական գործընթացը տեղի է ունենում առանց նախապայմանների: Եթե հիշում եք, Թուրքիան ասաց, որ այդ գործընթացը կսկսվի միայն Ադրբեջանի միջնորդությամբ, ցանկությամբ և նրա հետ կոորդինացմամբ: Նաև նշեց, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում և այդ հարցը փակված է: Այդ մոտեցումներն արձանագրվել էին Շուշիի հռչակագրում, որին ըստ էության կողմ քվեարկեց Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը, այդ հակահայկական հռչակագրին: Եվ, փաստացի, սա այն նախապայմանն է, որը բավարարելու համար Նիկոլ Փաշինյանը հղում է անում անհայտ միջազգային հանրությանը, դրանով իսկ փորձելով իր համար քաղաքական ալիբի ապահովել և ժողովրդի վրա վաճառել այն հանգամանքը, որ ահա Հայաստանը մենակ է մնացել և չունի դաշնակիցներ կարգավիճակի և այլնի հարցում»: