Կանաչաչյա ժպտադեմ հերոսին. 44-օրյա պատերազմում զոհված կամավոր Հովհաննես Գաբրիելյանի հիշատակին խաչքար կանգնեցվեց (լուսանկարներ, տեսանյութ)
Հովհաննեսը հրետանավոր էր: Պատրաստ կանգնելու հայրենիքի պաշտպանների կողքին, 23-ամյա երիտասարդը 2020-ի հոկտեմբերի 16-ին մեկնեց Արցախ` պաշտպանելու Ջրականը: Ու թեև նրա գործը հրետանու հետ պետք է լիներ, սակայն երիտասարդին ասում են, թե` դու հետևակ պետք է լինես ու ընդամենն ինքնաձիգ են տալիս` կրակելու համար...
Եվ նա հասցնում է հաշված փամփուշտներ կրակել:
Ընդամենը 2 օր անց` հոկտեմբերի 18-ին Հովհաննեսից ստացված տեղեկությունը վերջինն էր...
Երիտասարդը մեկն էր նրանցից, ում դին պահվում էր սառնարանում, սակայն ծնողներին ասվում էր, թե նրանց որդին անհետ կորած է...
Հայրենիքի պաշտպանի դին հայտնաբերվեց արդեն 2021-ի օգոստոսին` պատերազմից գրեթե մեկ տարի անց:
Եվ արդեն այսօր` 2022-ի ապրիլի 16-ին, Երևանի կենտրոնում` Թումանյան 35 ա շենքի բակում, կանգնեցվեց կանաչաչյա ժպտադեմ երիտասարդի հիշատակին նվիրված խաչքարը` ի վկայություն նրա մշտական ներկայության հարազատ բակում:
Օրհնությանը ներկա էին Հովհաննես Գաբրիելյանի ընկերները, հարազատները, հարևանները....



