Չի ստացվի, որ արևմտյան երկրներն ագրեսիա սանձազերծեն Բելառուսի դեմ, և ռազմական գործողություններ լինեն միայն Բելառուսում. պաշտոնյա
Բելառուսի բանակը պատրաստվում է պատասխանել հարևան արևմտյան երկրների հնարավոր սադրանքին։ Այս մասին Բելառուսի 1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։ Նա ընդգծել է, որ Մինսկի դեմ ագրեսիայի դեպքում ավերածություններ ու պայթյուններ տեղի կունենան նաև նրանց տարածքում։
«Չի ստացվի, որ ագրեսիա սանձազերծեն Բելառուսի դեմ, և ռազմական գործողություններ լինեն միայն Բելառուսում։ Ոչ, նրանց տարածքում կլինեն նաև ավերածություններ, մահեր, պայթյուններ»,- Վոլֆովիչի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։
Նա պնդում է, որ հարևան երկրներում ավելացել է ռազմական տեխնիկայի ու սպառազինության քանակը, արդիականացվում է ռազմական ենթակառուցվածքը, հաճախակիանում են ռազմական ավիացիայի թռիչքները Բելառուսի սահմանների մոտ։ Միևնույն ժամանակ, Բելառուսը, ըստ Վոլֆովիչի, միջոցներ է հատկացնում իր բանակի զարգացման համար, որպեսզի «անհրաժեշտության դեպքում, սադրանքի դեպքում, պատրաստ լինի արժանի պատասխան տալ»։