Դատապարտելի է այն, որ ոստիկանությունը խոչընդոտում է Ազատության հրապարակում ընդդիմության կողմից վրանների տեղադրմանը. Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դատապարտելի է այն, որ ոստիկանությունը խոչընդոտում է Ազատության հրապարակում ընդդիմության կողմից վրանների տեղադրմանը
Մենք դա դատապարտում էինք հեղափոխությունից առաջ և դատապարտում ենք այժմ: Սահմանադրության 44-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյու ոք ունի խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունք: Հավաքը կարող է լինել տարբեր պարագաներով, այդ թվում՝ վրանով:
Ի վերջո, սահմանադրական ու կոնվենցիոն այդ իրավունքի ցանկացած սահմանափակում կարող է լինել միմիայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Իսկ որևէ օրենքում չկա որևէ նորմ, որը կենթադրի, որ Ազատութայան հրապարակում չի կարելի վրան տեղադրել (առավելևս, երբ այդ վրանը որևէ մեկին չի խանգարում):
Շատ կարևոր է, որ որևէ քաղաքական ուժի նկատմամբ ոստիկանության պահվածքը պայմանավորված չլինի այդ քաղաքական ուժի նկատմամբ իշխանությունների կամ ոստիկանության պաշտոնյաների վերաբերմունքով»: