Վաղը մեկնարկում է անժամկետ և անդադար գործողությունների շարք. Էդգար Ղազարյան
Սկզբում «Ազատության» հրապարակ, հետո՝ Հանրապետության հրապարակ և այդպես շարունակ մեր քաղաքացիները պետք է դուրս գան պայքարի: Այս մասին այսօր «Հայելի» ակումբում ասաց քաղաքական-հասարակական գործիչ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:
Նա նշեց, որ իրենք՝ մի խումբ քաղաքացիական նախաձեռնության մտավորականներ, հասարակական, քաղաքական գործիչներ նախաձեռնել են անժամկետ և անդադար գործողությունների շարք, որի մեկնարկը տրվելու է վաղը՝ 2022թ. ապրիլի 19-ին, ժամը՝ 12:00-ին, «Ազատության» հրապարակից, մամուլի ասուլիսով: Եվ այդ գործողությունները կդադարեն այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը կվռնդվի իշխանությունից:
«Մենք ավելի շուտ էինք նախատեսում գործողությունները, բայց մենք հիմա Սուրբ Հարության տոնի խորհրդի մեջ ենք: Ես, առիթից օգտվելով, ուզում եմ շնորհավորել բոլոր քրիստոնյաներին: Երեկ պատարագ էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում, որին իշխանության ոչ մի ներկայացուցիչ հերթական անգամ չէր մասնակցում: Դա, իհարկե իր մեջ խորհուրդ ունի: Մենք հարգում ենք նաև իրենց զգացողությունները, որովհետև մինչև մայիսի 1-ը Ռամադան է և իրենք, բնականաբար, Ռամադանի ընթացքում չեն կարող մասնակցել քրիստոնեական գլխավոր տաղավար տոներին, պատարագներին ևս: Հաշվի առնելով, որ 40 օր Սուրբ Հարության տոնից հետո դեռ տոնի խորհուրդը թևածելու է մեր մեջ և եկեղեցիներում: Բացի այդ, մատուցվելու են տնօրհնեքի կարգեր: Այսօր էլ Մեռելոց է, ուստի որոշվեց, որ միջոցառումները սկսենք վաղվանից»,- նշեց Ղազարյանը: