Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների հաստատման համար երկխոսության հիմքը Ադրբեջանի կողմից առաջարկված հիմնարար սկզբունքներն են և այդ առաջարկություններին Երևանի կառուցողական արձագանքը. Զախարովա
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի գլխավոր խնդիրներից է խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում հայ և ադրբեջանցի գործընկերներին աջակցելը:
Այս մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է ճեպազրույցի ժամանակ։
Զախարովա նշել է, որ Խովաևն արդեն օգտակար խորհրդակցություններ է անցկացրել Երևանում, առաջիկայում այցելելու է նաև Բաքու։
«Երկխոսության հիմքը Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների հաստատման համար Ադրբեջանի կողմից առաջարկված հիմնարար սկզբունքներն են, և Երևանի կառուցողական արձագանքն այդ առաջարկություններին»,– ասել է նա:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ընդգծել է՝ Ռուսաստանի միջնորդական ջանքերը հիմնվում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների մշակման անփոխարինելի փորձի վրա, որոնք թույլ են տվել կանգնեցնել արյունահեղությունը տարածաշրջանում և բացել հումանիտար խնդիրների համալիր լուծման իրական հեռանկարները` տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնում, հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատում: