ՌԴ կատարած այցի շրջանակներում Փաշինյանը եղել է Նիժնի Նովգորոդում
ՀՀ կառավարությունից տեղեկացնում են՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում եղել է Նիժնի Նովգորոդում։ Օդանավակայանում վարչապետին դիմավորել են Նիժեգորոդյան մարզի նահանգապետ Գլեբ Նիկիտինը, Նիժեգորոդյան մարզի օրենսդիր խորհրդի նախագահ Եվգենի Լյուլինը, Նիժնի Նովգորոդի քաղաքապետ Յուրի Շալաբաևը:
ՀՀ կառավարության ղեկավարը նախ այցելել է «Գազ» մեքենաշինական ընկերության գործարան, եղել Նիժեգորոդյան Կրեմլում, ծաղկեպսակ դրել անմար կրակի մոտ, շրջայց կատարել Կրեմլի արվեստի պետական թանգարանում, Զանգակատանը, Զինվորական փառքի ծառուղում և եղել Միքայել Հրեշտակապետի տաճարում:
Վարչապետն նաև առանձնազրույց է ունեցել Նիժեգորոդյան մարզի նահանգապետ Գլեբ Նիկիտինի հետ` քննարկել տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները:
Գործադիրի ղեկավարը այցելել է տեղի հայկական Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի` կատարել մոմավառություն:
Նիկոլ Փաշինյանը Նիժնի Նովգորոդ և ՌԴ այցը եզրափակել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ, որի ընթացքում ՀՀ կառավարության ղեկավարն անդրադարձել է ՌԴ կատարած պաշտոնական այցի արդյունքներին, պատասխանել տարբեր հարցերի: Դրանք վերաբերել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսության ոլորտում համագործակցությանը, Հայրենիքում ներդրումային ծրագրերի իրականացմանը և այլ թեմաների: