Ուկրաինան խաղաղ բանակցությունների շրջանակում Ռուսաստանից չի ստացել փաստաթղթերի փաթեթ. Զելենսկի
Ինչպես հայտարարել է Ոկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Ուկրաինան խաղաղ բանակցությունների շրջանակում Ռուսաստանից չի ստացել փաստաթղթերի փաթեթ: Այս մասին, մասնավորապես, Զելենսկին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցին:
«Ոչինչ չեմ լսել այդ մասին: Վստահաբար ոչինչ չեմ տեսել: Վստահ եմ՝ մեզ ոչինչ չեն փոխանցել: Ես խաղաղ ժամանակ ֆուտբոլ վատ չէի խաղում: Կանոնները հետևյալն են. անհրաժեշտ են երկու թիմ և մեկ գնդակ: Այստեղ, ինձ թվում է, որ նա՝ պարոն Պեսկովը, ինքն իր հետ է ֆուտբոլ խաղում: Նման բաների հետ խաղ չեն անում: Այս ամենին պետք է լրջորեն մոտենալ: Այդ իսկ պատճառով, երբ մեզ իսկապես գնդակը տան, մենք անպայման ցույց կտանք, թե ինչպես են հարվածում դարպասներին»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ապրիլի 20-ին հայտարարել էր, որ Ռուսաստանը բանակցային գործընթացի շրջանակում Ուկրաինային հստակ ձևակերպումներով փաստաթղթի նախագիծ է փոխանցել: Նա հայտարարել է, թե այս պահին «գնդակը Կիևի դաշտում է»: