Եթե խոսում են առանց նախապայմանների սահման բացելու մասին, ինչո՞ւ Թուրքիան միակողմանի առանց նախապայմանների սահմանը չի բացում․ Վանեցյան
Թուրքիայի իշխանությունները մշտապես հայտարարում են, որ եթե հայերն ուզում են իրենց հետ հարաբերությունները կարգավորեն՝ պետք է հրաժարվեն Հայոց ցեղասպանության պահանջատիրությունից։ Նաև ոչ ուղիղ խոսում են այն մասին, որ պետք է փոխվի նաև ՀՀ սահմանադրությունը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման համար որևէ քայլ արված չէ:
«Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հայտարարում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը սփյուռքի հարցն է։ Սա հերթական անհեթեթ հայտարարությունն է, որն անթույլատրելի է, ֆանտաստիկայի ժանրից է, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կարող է նման հայտարարություն անել»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Նա կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, սակայն ըստ Վանեցյանի, եթե խոսում են առանց նախապայմանների սահման բացելու մասին՝ ինչո՞ւ Թուրքիան միակողմանի առանց նախապայմանների սահմանը չի բացում։
«Սահմանները փակել է Թուրքիան, երբ Հայաստանի ու Ադբեջանի միջև պատերազմական գործողություններ են սկսվել։ Ուրիշ որևէ բան պետք չէ այստեղ փնտրել, շատ հարցեր կան, դա խորքային երկար խոսելու համար են»,- ասաց Վանեցյանը։