Մենք Թուրքիայի հետ երկխոսության գնալու ենք առանց նախապայմանների. Վիգեն Խաչատրյան
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ իշխող խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ասել է՝ իրենք Թուրքիայի հետ երկխոսության գնալու են առանց նախապայմանների և որ Թուրքիան պատրաստակամություն է հայտնում շարունակել ներկայացուցիչների հանդիպումը:
«Երբ նրանք կգան համաձայնության, կզեկուցեն իրենց ղեկավարությանը և կորոշեն սկսել բանակցությունները, այդ ժամանակ կքննարկվի դիվանագիտական կապերի հաստատումը, սահմանների բացումը, առայժմ նախապատրաստական աշխատանքներ են գնում»,- ասել է Խաչատրյանը:
«ՀՀ-ի հետ իր հարաբերությունները կարգավորելիս Թուրքիան հայտարարել է, որ հաշվի է նստելու Ադրբեջանի կարծիքի հետ, դա իր խնդիրն է, ում հետ ուզում է, թող հաշվի նստի, երբ կլինի նախապայման, կդադարեցվեն շփումները։ Եթե սահմանները բացվեն, հարաբերությունները հաստատվեն, դա դեռ չի նշանակում, որ մենք հրաժարվելու ենք Ցեղասպանությունից»,- ի պատասխան դիտարկմանը, թե Թուրքիան նախապայմաններ է առաջ քաշում, ասել է նա, ինչպես նաև շեշտել՝ ակնկալում են, որ ՀՀ-ն իր բոլոր հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններ, բաց սահմաններ կունենա. «Բոլոր կնճռոտ հարցերը կլուծվեն երկխոսության միջոցով, այդ ընթացքում պետք է խուսափենք խոչընդոտների առաջացումից»,- ավելացրել է նա: