Պայքարը կավարտվի մեկ հանգուցալուծմամբ և այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը կվռնդվի իշխանությունից․ Ղազարյան
Ազատության հրապարակում ընթացող շարժումն իսկապես թափ է հավաքում։ Ովքեր դուրս են եկել այդ պայքարին, բոլորը վճռական են տրամադրված։ Այս մասին այսօր «Հայելի» ակումբում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։
«Սա այս հանցավոր իշխանություններին պատասխանատվության ենթարկելու պայքար է և նաև կանխելու նոր աղետը, նոր չարագործությունները, որոնք կարող է բերել այս իշխանությունը մեր պետության և ժողովրդի գլխին։ Հետևաբար, այդ պայքարը պետք է ունենա մեկ հանգուցալուծում և կավարտվի այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը կվռնդվի իշխանությունից»,- ասաց նա։
Ղազարյանը վստահեցնում է, որ մարդկանց նման ոգևորությունն ու համալրումը հաջողությամբ կավարտվի։
«Կոչ եմ անում մեր քաղաքացիներին գալ և անհատապես պայքար մղել։ Սա է հայեցակարգը։ Ամեն մարդ այնտեղ գնում է իր օրակարգով, իր բաժին պայքարը մղելու։ Մենք պետք է ֆիզիկապես նույն վայրում լինենք, որ անհրաժետ պահին մեր ուժերը մոբիլիզացնենք և պայքար մղենք»,- ասաց Ղազարյանը։
Նա նշեց, որ Ազատության հրապարակում ակտիվ քննակումներ և ելույթներ են տեղի ունենում։ Տեղում լուսաբանում են տարբեր լրատվամիջոցներ, ինչը ողջունելի է։