Ինչո՞ւ էր Փաշինյանը Մոսկվա մեկնել մասնավոր ավիաընկերության օդանավով․ պարզաբանում է Ղազարյանը
Հետաքրքրական մի բան՝ Փաշինյանի մոսկովյան այցը եղավ այն ժամանակ, երբ մենք Մոսկվայում դեսպան չունեինք, որովհետև, երբ Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է դեսպան, դեռևս իր հավատարմագրերը չի հանձնել ՌԴ նախագահին։ Այս մասին այսօր «Հայելի» ակումբում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։
Նրա խոսքով՝ դիվանագիտական հարաբերություններն ըստ Վիեննայի կոնվենցիայի՝ դեսպանի առաքելությունը երկրում մեկնարկում է այն պահին, երբ նա իր հավատարմագրերը հանձնում է պետության ղեկավարին։
«Սա, ի դեպ, Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական այցն է Ռուսաստան։ Չորս տարվա մեջ նա երբևէ պաշտոնական այցով չի եղել Ռուսաստանում։ Այցերը եղել են աշխատանքային։ Ընդ որում, ասեմ, որ Պուտինը ևս պաշոտանապես չի այցելել Հայաստան։ Ավելին՝ ՀՀ նախագահը ևս այս տարվա մեջ պաշտոնական այց Ռուսաստան չի ունեցել։ Նա մայիսի 9-ին եղել է Մոսկվայում, բայց նրան Կարմիր հրապարակի տոնական արարողակարգին չեն հրավիրել։ Սա կարևոր նշանակություն ուներ։ Եվս մեկ հետաքրքիր բան՝ Փաշինյանը Մոսկվա է մեկնել ոչ թե պետական օդանավով, այլ մասնավոր ավիաընկերության օդանավով։ Հիմա ձեզ կասեմ, թե ինչու է այդպես եղել։ Տաթևիկ Ռևազյանի գրասենյակից նշել էին, որ օդանավը տեխնիկական խնդիրներ ունի։ Սա ուզում է նոր օդանավ առնել։ Սա որ 2018-ին ընտրվեց վարչապետ, Նյու Յորքի ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեա գնալուց սովորական ավիատոմսով, սովորական չվերթով, ուղևորների հետ գնում էր։ Հաջորդ տարի օդանավ վարձեցին, որ նա գնա Նյու Յորք, գա։ 2020թ-ին արդեն, սիրելի հայրենակիցներ, ուշադիր լսեք՝ բյուջեով նախատեսել էին 50 մլն դոլար փող՝ նրա համար նոր օդանավ առնելու համար։ Եվ դա այն դեպքում, երբ օդանավի հրամանատարն ասել էր, որ սա 8 տարի կարելի է շահագործել։ Չառան, քանի որ կորոնավիրուսի հետ խնդիրներ կային»,- ասաց Ղազարյանը։