Այս անգամ հաղթանակն իսկապես մոտ է․ ռազմական փորձագետը կոչ է անում միանալ պայքարին և վերջակետ դնել պատմության խայտառակ շրջանին
Ես խոնարհվում եմ պայքարի դուրս եկած մեր երիտասարդների առջև։ Կարծում եմ՝ այս անգամ հաղթանակն իսկապես մոտ է։ Այս մասին այսօր «Հայելի» ակումբում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։
Նա խորհուրդ տվեց մարդկանց՝ անտեղի քննադատություններից զերծ մնալ. պետականամետ ուժերն աշխատում են, գործ են անում, ուստի պետք է օգնել, գնալ նրանց կողքին լինել։
«Պետք է նաև ցանցային պայքար մղել։ Ես փորձում եմ ամեն տեղ լինել։ Ցանկալի է բոլորի մասնակցությունը։ Շարժումը դեպի մարում չի գնալու, ես վստահ եմ։ Պայքարի տրամաբանությունը շատ պարզ է՝ ցանցային պայքար։ Պետք է հնարավորինս մասնակցել այդ ընդվզման գործողություններին։ Ես վստահ եմ, որ բոլորը, համախմբելով իրենց ռեսուրսները, վերջակետն են դնելու մեր պատմության ամոթալի, խայտառակ, սև շրջանին»,-ասաց Ջամալյանը։
Ջամալյանը շենքերի բակում հավաքվածներին կոչ է անում բակային քննարկումները տեղափոխել Ազատության հրապարակ։