Սկզբում մարդիկ վախենում էին, որ կթիրախավորվեն, բայց հիմա ժողովուրդն իր որոշումը կայացրել է․ Արթուր Վանեցյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն ղեկավար Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց, որ հիմա 2-րդ փուլի 3-րդ օրն է։ Մենք դեռևս չենք անցել վճռական քայլերի, բայց ամեն ինչ առջևում է։ Շարժումը թափ է ստանում։
Վանեցյանի խոսքով՝ մարդկանց հոսքն ու հետաքրքրությունը շատանում է։ Մարդիկ իրենց դժգոհությունն արդեն բացահայտ արտահայտում են։
«Սկզբում կար որոշակի վախի մթնոլորտ։ Մարդիկ վախենում էին թիրախավորվեին թե՛ սոցիալական ցանցերում, թե՛ աշխատավայրերում։ Բայց մարդիկ հասկացել են, որ նման բան չի կարող լինել։ Մարդիկ իրենց որոշումը կայացրել են։ Նորից եմ կրկնում՝ մեր պայքարը հանուն հայրենիքի է, հանուն Հայաստանի է, հանուն Արցախի է, հանուն հայ ժողովրդի է»,-նշեց Վանեցյանը։