Ադրբեջանն իր հերթին պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել․ Հիքմեթ Հաջիև
«Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված խաղաղության պայմանագիրը կծառայի Հարավային Կովկասում ինտեգրացիայի զարգացմանը»: Այդ մասին հինգշաբթի օրը հայկական օկուպացված Շուշիում կայացած միջազգային համաժողովում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, պետության ղեկավարի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Նա նշել է, որ Ադրբեջանն իր հերթին պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել, ինչի վկայությունն է երեք տասնամյակ տևած բանակցային գործընթացը։
Նրա խոսքով՝ Հայաստանը դեռ ձեռնպահ է մնում կոնկրետ քայլերից, որոնք իրեն օգուտ կտան։
Հիքմեթ Հաջիևը նաև ընդգծել է, որ տարբեր ոլորտներում համատեղ զարգացումը, ինչպիսիք են տրանսպորտը, առևտուրը և էներգետիկան, սոցիալական և տնտեսական օգուտներ կբերի Ադրբեջանին, Հայաստանին և ամբողջ տարածաշրջանին։