Բրյուսելը կարող է փոխարինել ԵԱՀԿ Մինսկի խմբին․ Ալիև
Մենք բարձր ենք գնահատում ԵՄ դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հետկոնֆլիկտային կարգավորման գործում։ Ինչպես հայտնում է Minval.az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը։
«Մեզ համար Եվրամիությունը շատ կարևոր գործընկեր է։ Մենք ունենք մեր համագործակցության շատ լայն օրակարգ»,- ասել է Ալիևը։
Նրա խոսքով՝ բացի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ԵՄ մասնակցությունից, դա ներառում է նաև առևտրային համագործակցությունը, էներգետիկան, տրանսպորտը և ժողովրդավարական զարգացումը։
«Մենք ԵՄ-ին համարում ենք ազնիվ միջնորդ և ողջունում ենք նրանց ջանքերը: Եթե Մինսկի խումբն այժմ չի գործում, մենք կարծում ենք, որ ԵՄ-ն կարող է իր դերը կատարել կարգավորման գործընթացում»,- Ալիևի խոսքը մեջբերում է Report պարբերականը։
«Մենք սատարում ենք դրան և արդեն տեսնում ենք մեր աշխատանքի պտուղները։ Բրյուսելը դարձել է իմ հիմնական այցելությունների վայրը»,- Ալիևի խոսքը մեջբերում է Interfax-ը։